Տեխնէ

Առանց վարորդի «սուպերքարը» արագության ռեկորդ է սահմանել

ԱՄՆ-ում առանց վարորդի Maserati MC20 Coupe «սուպերքարը» նոր արագության ռեկորդ է սահմանել՝ հասնելով մինչև 318 կմ/ժ արագության, գրում է The Verge պարբերականը։

Այս անօդաչու «սուպերքարը» ռեկորդը սահմանել է Ֆլորիդայի Քենեդիի տիեզերական կենտրոնի 4.5 կմ երկարությամբ թռիչքուղու վրա։ Այն գտնվել է արհեստական բանականության վրա հիմնված ավտոպիլոտի կառավարման ռեժիմի ներքո, որ մշակել են Միլանի տեխնիկական համալսարանի և Indy Autonomous Challenge (IAC) ստարտափի ինժեներները։

Maserati MC20 Coupe-ն գերազանցել է IAC-ի փորձնական AV-21 մեքենայի՝ 2022թ. սահմանած ռեկորդը ․ այդ ժամանակ մեքենան հասել էր մինչև 309 կմ/ժ արագության։

Նշվում է, որ Maserati MC20 Coupe-ին նախկինում հաջողվել է արագությունը հասցնել մինչև 285 կմ/ժ։ Սուպերքարը կարող է վերահսկվել ինչպես ծրագրային ապահովման, այնպես էլ կենդանի օդաչուի կողմից։

«Արագընթաց փորձարկումների նպատակը էքստրեմալ պայմաններում ռոբոտ-վարորդների վարքագծի գնահատումն է», – նշել է Միլանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Սերջիո Մատեո Սավարեզին։

Նրա խոսքով՝ թեստավորման ընթացքում գիտնականները գնահատել են արհեստական բանականության կայունությունը, հուսալիությունը և արձագանքման արագությունը։ Ապագայում այս տվյալները կարող են օգտագործվել հանրային ճանապարհներին երթևեկության անվտանգության բարելավման համար։