Տեխնէ

Microsoft-ը բժիշկների համար AI է թողարկել

Ամերիկյան Microsoft կորպորացիան ներկայացրել է բժիշկների համար մշակված Dragon Copilot ձայնային օգնականը. հայտնում է ընկերության պաշտոնական կայքը։

Արհեստական բանականության (AI) վրա հիմնված այս ծառայությունը նախատեսված է բժիշկների աշխատանքը պարզեցնելու և արագացնելու համար։ Վիրտուալ օգնականը կարող է արագ տեղեկատվություն հավաքել բժշկական աղբյուրներից, գրել նամակներ, ինչպես նաև հիվանդի այցից հետո կազմել կլինիկական նշումներ և ամփոփագրեր։

Dragon Copilot-ն աշխատում է Dragon Medical One (DMO) և DAX Copilot (DAX) տեխնոլոգիաների հիման վրա։ Մասնավորապես, DMO-ի միջոցով Microsoft-ին հաջողվել է փաստաթղթավորել հիվանդների միլիարդավոր բժշկական պատմություններ։

«Այս տեխնոլոգիայի շնորհիվ բժիշկները կկարողանան կենտրոնանալ հիվանդի, այլ ոչ թե համակարգչի վրա։ Դա կհանգեցնի ավելի լավ արդյունքների և, ի վերջո, բոլորի համար առավել որակյալ բժշկական օգնության», – նշել է Microsoft-ի բժշկական հարցերով տնօրեն Դևիդ Ռյուն։

Ընկերության մենեջեր Քեն Հարփերի խոսքով՝ բժիշկները կարող են արհեստական բանականության հետ շփվել բնական լեզվով, և վիրտուալ օգնականը ճիշտ կհասկանա նրանց։