Տեխնէ

Skype-ի աշխատանքը կդադարեցվի մայիսին

Microsoft-ը մայիսին վերջնականապես կդադարեցնի Skype-ի աշխատանքը։ Այս մասին հայտնում են XDA Developers ռեսուրսի մշակողները։

Windows-ի համար նախատեսված Skype-ի վերջին նախադիտման տարբերակում առկա է հաղորդագրություն, որի ծածկագրում թաքնված տողը նշում է. «Մայիսից Skype-ն այլևս հասանելի չի լինի։ Շարունակեք զանգահարել և զրուցել Teams-ում»: Հաջորդ հաղորդագրությունն ավելացնում է. «Ձեր ընկերներից ոմանք արդեն անվճար տեղափոխվել են Teams, ենթադրաբար՝ Ձեր կոնտակտների հիման վրա»։

Skype-ն առաջին անգամ գործարկվել է 2003 թվականին։ Microsoft-ը այն ձեռք է բերել 2011 թվականին՝ 8,5 միլիարդ դոլարով, և այդ ժամանակից ի վեր փորձել է այն ինտեգրել բազմաթիվ արտադրանքներում, ներառյալ՝ Windows, Windows Phone և նույնիսկ Xbox: 2017 թվականին Microsoft-ը գործարկեց Teams-ը՝ համագործակցության հարթակ, որը կառուցված է Skype-ի հիմքի վրա։

Վերջին մի քանի տարիներին օգտատերերը հիմնականում անտեսել են Skype-ը։ Microsoft-ը չկարողացավ Skype-ը դարձնել կենսունակ այլընտրանք համավարակի ժամանակ, ինչի արդյունքում ծառայությունը սպառողների շրջանում զգալիորեն մղվեց հետին պլան։ Օգտատերերի մեծ մասը նախընտրում է ավելի ժամանակակից հարթակներ, ինչպիսիք են՝ Telegram-ը, Zoom-ը, WhatsApp-ը, iMessage-ը և Discord-ը։