Renault ընկերությունը հայտարարել է 15․722 հատ Renault R5 էլեկտրական մեքենաների հետկանչի մասին, ներառյալ դրանց սպորտային տարբերակը՝ Alpine A290-ի տասը օրինակ։ Այս մեքենաները արտադրվել են 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 23-ը Դուեի (Հյուսիսային Ֆրանսիա) գործարանում։
Ընկերությունը հաստատել է մամուլում տարածված տեղեկությունները և հորդորել մեքենաների սեփականատերերին կապ հաստատել ընկերության ներկայացուցչի հետ՝ էլեկտրական շարժիչի հիմնական ինվերտորի կառավարման բլոկի անվճար վերածրագրավորման համար։ Renault-ի տեղեկացմամբ՝ այս տեխնիկական գործողությունը տևում է 30 րոպե։ Ընկերությունը նշել է, որ սա կանոնակարգային հետկանչ չէ, քանի որ խնդիրը «անվտանգության հետ կապված չէ»։
Գործողության նպատակն է կանխել մեքենայի հնարավոր խափանումը մեկնարկի ժամանակ, որը կարող է ուղեկցվել կամ չուղեկցվել STOP ազդանշանով և վահանակին ցուցադրվող «Էլեկտրական շարժիչի խափանում» հաղորդագրությամբ։ Renault-ը ընդգծել է, որ շարունակաբար հետևում և վերահսկում է իր արտադրած մեքենաները դրանց ողջ շահագործման ընթացքում։