Տեխնէ

Apple-ը ավելի քան 500 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ տնտեսության մեջ

Apple ընկերությունը հայտարարել է Միացյալ Նահանգներում իր ամենամեծ ներդրումների մասին։

Մասնավորապես, Apple-ն առաջիկա չորս տարում 500 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ տնտեսության մեջ: ՏՏ հսկայի ղեկավարների խոսքով՝ դա կուղղվի ամերիկյան նորարարությունների զարգացմանը, առաջադեմ ու բարձր որակավորում ունեցող արտադրությանը և լայն շրջանակի նախաձեռնությունների աջակցությանը։

Որպես ներդրումային նոր փաթեթի մաս՝ Apple-ը և գործընկերները Հյուսթոնում կբացեն նոր առաջատար արտադրական հաստատություն՝ արհեստական բանականության սերվերներ արտադրելու համար: Ընկերությունը նաև կկրկնապատկի ներդրումները ԱՄՆ-ի առաջադեմ արտադրության հիմնադրամում և ինժեներների վերապատրաստման համար նոր ակադեմիա կբացի Դեթրոյթում:

Ընկերությունը ընդգծել է, որ ներկայումս այն տրամադրում է ավելի քան 2.9 միլիոն աշխատատեղեր՝ ինչպես ուղիղ աշխատանքի, այնպես էլ գործընկերների միջոցով։ Վերջին 5 տարվա ընթացքում Apple-ը 75 միլիարդ դոլարի հարկ է վճարել ամերիկյան գանձարանին: Apple-ում խոստացել են ավելացնել աշխատատեղերի թիվը. Հյուսթոնում գտնվող օբյեկտն աշխատանք կտա հազարավոր մասնագետների: Նյութում ասվում է, որ Apple-ը կշարունակի գումարներ ներդնել գիտահետազոտական և նախագծային աշխատանքներում։ Առաջիկա 4 տարիների ընթացքում ընկերությունը ցանկանում է վարձել 20 հազար բարձր որակավորում ունեցող մասնագետների։