Տեխնէ

Google-ին սպառնում է 27 միլիոն դոլարի փոխհատուցում

Reuters-ի փոխանցմամբ՝ Google-ը կարող է առաջիկա 3-5 տարիների ընթացքում մինչև 27.29 միլիոն դոլար վճարել հարավաֆրիկյան լրատվամիջոցներին՝ որպես փոխհատուցում։ Երկրի հակամենաշնորհային մարմինը ընկերությանը մեղադրել է հակամրցակցային գործունեություն իրականացնելու մեջ։ Նմանատիպ տուգանքներ են սպառնում նաև Meta-ին և X-ին։ Հարավաֆրիկյան Մրցակցության հանձնաժողովի վերլուծության համաձայն՝ Google-ի ալգորիթմը խեղաթյուրում է մրցակցությունը լրատվամիջոցների միջև՝ Հարավային Աֆրիկայում գերակշռություն տալով գլոբալ լրատվամիջոցներին։ Ընկերությունը նաև բավարար չափով չի ներկայացնում տեղական լեզուն և համայնքային լրատվամիջոցները։

Կազմակերպության զեկույցում նշվում է. «Այս անհավասարությունը մեծապես նպաստել է Հարավային Աֆրիկայում լրատվամիջոցների ազդեցության թուլացմանը վերջին 14 տարիների ընթացքում և կշարունակվի, եթե այն չվերացվի»։

Դիտորդական մարմինը վերջնական զեկույցը կհրապարակի այս տարվա վերջին, իսկ բոլոր շահագրգիռ կողմերին կտրվի ժամանակ մինչև ապրիլի 7-ը՝ իրենց դիրքորոշումը հաստատող ապացույցներ ներկայացնելու համար։

Google-ը հայտարարել է, որ մանրամասն կուսումնասիրի զեկույցը, սակայն համաձայն չէ այն պնդման հետ, որ իր գործունեությունը անհամաչափ օգուտ է տալիս որոշ հրատարակիչների։