Տեխնէ

OpenAI-ն արգելափակել է չինացի մի շարք օգտատերերի

ChatGPT-ի ստեղծող OpenAI ընկերությունը սահմանափակումներ է սահմանել մի շարք չինացի օգտատերերի համար, ովքեր, ինչպես պարզվել է, արհեստական բանականությունն օգտագործել են վնասակար նպատակներով: Ինչպես հայտնում է Le Monde-ը, OpenAI-ի՝ փետրվարի 21-ին հրապարակված անվտանգության զեկույցում նշվում է, որ այդ օգտատերերը մշակել են սոցիալական մեդիայի հսկողության գործիք՝ Չինաստանի կառավարության համար բողոքի կոչեր հայտնաբերելու նպատակով: Բացի այդ, ChatGPT-ն օգտագործվել է նաև ապատեղեկատվություն տարածելու համար:

OpenAI-ի անվտանգության թիմը բացահայտել է այս գործողությունները՝ վերլուծելով ChatGPT-ի օգտագործման դեպքերը: Ուսումնասիրելով չինարենով գործող և Չինաստանի աշխատանքային ժամերին ակտիվ որոշակի հաշիվներ՝ ընկերությունը պարզել է, որ դրանք ստեղծել են ծրագիր, որը իրական ժամանակում վերլուծում է Facebook-ի, X-ի, YouTube-ի, Instagram-ի, Telegram-ի և Reddit-ի հաղորդագրությունները: Ծրագրի նպատակը եղել է հայտնաբերել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բողոքի կոչերը:

Ընկերությունը այս գործիքն անվանել է «Peer Review» և հայտնել, որ այն նախատեսված էր նման հաղորդագրությունները հաշվետվությունների տեսքով փոխանցելու Չինաստանի իշխանություններին և արտերկրում գտնվող դեսպանատներին: