Տեխնէ

Մասկը մրցակցում է չինական ընկերությունների հետ

Իլոն Մասկի Starlink կապի ցանցը բախվում է ավելի ու ավելի լուրջ մարտահրավերների՝ պայքարելով արագընթաց արբանյակային ինտերնետի շուկայում իր առաջատար դիրքը պահպանելու համար. գրում է Reuters-ը: Մրցակիցների թվում են պետության աջակցությունը վայելող չինական ընկերությունը և Amazon.com-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կողմից ֆինանսավորվող մեկ այլ ծառայություն՝ Project Kuiper-ը:

Շանհայում տեղակայված SpaceSail ընկերությունը նոյեմբերին համաձայնագիր է կնքել Բրազիլիայի շուկա մուտք գործելու համար և հայտարարել, որ բանակցություններ է վարում ավելի քան 30 երկրների հետ: Երկու ամիս անց՝ հունվարին, ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել Ղազախստանում:

2020 թվականից ի վեր Starlink-ը ցածր ուղեծիր (մինչև 2000 կմ բարձրություն) է հասցրել ավելի շատ արբանյակներ, քան նրա բոլոր մրցակիցները՝ միասին։ Նման ցածր բարձրություններում գործող արբանյակները տվյալներ են փոխանցում բացառիկ արդյունավետությամբ՝ ապահովելով արագընթաց ինտերնետ հեռավոր համայնքների, նավերի և պատերազմող զինված ուժերի համար:

Պեկինը տիեզերքում Մասկի առաջատար դիրքերն ընկալում է որպես սպառնալիք: Չինաստանը մեծ ներդրումներ է կատարում մրցակից ընկերություններում և ֆինանսավորում է արբանյակային համակարգերի հետևման ռազմական հետազոտություններ: