Տեխնէ

Tesla-ի բաժնետոմսերը նվազել են DeepSeek-ի համագործակցության ֆոնին

Tesla-ի բաժնետոմսերը 6%-ով նվազել են այն բանից հետո, երբ նրա չինական մրցակից BYD-ը հայտարարեց, որ պատրաստվում է ավտոմեքենաների մեծ մասում ներդնել ավտոմատ վարման տեխնոլոգիաներ, և ներկայացրեց DeepSeek արհեստական բանականությամբ օգնականի համակարգը։

Ամերիկյան շուկայում փետրվարի 11-ի արդյունքներով Tesla-ի բաժնետոմսերը նվազել են 6.3%-ով՝ հասնելով 328.5 դոլարի։

Ըստ BYD-ի հայտարարության՝ չինական ավտոարտադրողը պատրաստվում է իր գոնե 21 մոդելները հագեցնել ավտոմատացված վարելու համակարգերով։ Ներդրողները սկսել են մտածել, որ Tesla-ն կարող է կորցնել իր առաջատար դիրքն այս ոլորտում․ գրում Է CNBC-ը։ Ըստ Oppenheimer-ի վերլուծաբանների՝ ավտոմատ վարելու տեխնոլոգիաների ոլորտում մրցակցության աճը կարող է նվազեցնել Tesla-ի շահույթը։

Tesla-ի բաժնետոմսերն ընկել են հինգ առևտրային օրվա ընթացքում՝ նվազելով շուրջ 17%-ով։ Այդ փոփոխությունը հանգեցրել է ընկերության շուկայական արժեքի նվազմանն ավելի քան 200 միլիարդ դոլարով։

Իլոն Մասկը հայտարարել է, որ Tesla-ն նախատեսում է հունիսին գործարկել լիովին ինքնավար մեքենա վարելու համակարգ, որը չի պահանջի հսկողություն։ Oppenheimer-ի վերլուծաբանները նշում են՝ եթե նույնիսկ Tesla-ն իր ծառայությունն սկսի նշված ժամանակահատվածում, այն կդառնա մի քանի մատակարարներից մեկը, ինչը ենթադրում է գնային և որակային մրցակցություն։