Տեխնէ

Գիտնականները փորձում են AI-ի միջոցով վերծանել 2000-ամյա մագաղաթները

Գիտնականները հույս ունեն, որ արհեստական բանականության և մարդկային փորձի համադրմամբ կկարողանան վերծանել 2000 տարի առաջ Վեզուվի հրաբխի ժայթքումից ածխացած հին մագաղաթները. գրում է Reuters-ը։

Պապիրուսի հարյուրավոր մագաղաթներ հայտնաբերվել են հռոմեական Հերկուլանեում քաղաքի մի շքեղ ամառանոցում՝ 1750-ականներին, որը, ինչպես և հարևան Պոմպեյը, ավերվել է մ.թ. 79 թվականին՝ Վեզուվի հրաբխի ժայթքման ժամանակ:

Գիտնականները և հետազոտողները արդեն 250 տարի աշխատում են մագաղաթները բացահայտելու տարբեր մեթոդների վրա։ 2023-ին մի քանի տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ կազմակերպեցին «Վեզուվիուսի մարտահրավեր» մրցույթը, որպեսզի փորձեն դրանք վերծանել արհեստական բանականության միջոցով:

Օքսֆորդի Բոդլեանի գրադարանում պահվող մագաղաթից գիտնականները սկանավորման մեթոդով կարողացել են ստեղծել առաջին պատկերը: Դա թույլ է տվել արհեստական բանականությանը գտնել թանաքի հետքեր՝ բացահայտելու գրավոր հատվածները և հստակեցնելու տեքստի տեսանելիությունը:

Այս մեթոդով հայտնաբերվել է մի բառ, հին հունարենով՝ «զզվելի»: Գիտնականները հույս ունեն, որ առաջիկայում կկարողանան բարելավել պատկերների որակը և ավելի շատ տեքստեր բացահայտել: