Տեխնէ

Եվրոպական ավտոարտադրողների բաժնետոմսերն անկում են ապրել

Երկուշաբթի օրը Եվրոպայի խոշոր ավտոարտադրողների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ 25%, իսկ Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ 10% մաքսատուրք սահմանելու որոշումից հետո. գրում է Reuters-ը։

Այս քայլը մտահոգություններ է առաջացրել, որ նմանատիպ միջոցներ կարող են կիրառվել նաև Եվրոմիությունից ներկրվող ապրանքների նկատմամբ։ 

Մեքսիկայում խոշոր արտադրական հզորություններ ունեցող և սակագների նկատմամբ հատկապես խոցելի Stellantis և Volkswagen ընկերությունների բաժնետոմսերն անկում են ապրել 6,8% և 5,6%-ով։ Volvo Cars-ի բաժնետոմսերը նվազել են 6,5%-ով, իսկ Mercedes Benz, BMW և Porsche  ընկերություններինը՝ 3,6-4,3%-ով։

Վերլուծաբանները նշում են, որ Մեքսիկայի նկատմամբ սահմանված սակագները կարող են ավելի լուրջ բացասական հետևանքներ ունենալ եվրոպական ավտոարտադրողների և նրանց մատակարարների համար, քան ԵՄ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ ուղղակի սակագները։