Տեխնէ

«Նրանք իրականում փող չունեն». Մասկ

Իլոն Մասկը և OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը Stargate նախագծի պատճառով նոր հակամարտության մեջ են մտել։

OpenAI-ի, Oracle-ի և SoftBank-ի համագործակցությամբ ստեղծված նախագիծը աջակցություն է ստացել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, որն այն ներկայացրել էր որպես «Ամերիկայի ներուժի նկատմամբ վստահության հայտարարություն»:

Թրամփը հայտնել է, որ Stargate-ի համար նախատեսված սկզբնական մասնավոր ներդրումները կազմում են 100 միլիարդ դոլար, բայց ընդհանուր ներդրումները կարող են գերազանցել այն 5 անգամ: Նախագիծն արդեն մեկնարկել է և այն համարվում է արհեստական բանականության զարգացման հերթական մեծ քայլը:

Սակայն Մասկը, որ Թրամփի վստահելի խորհրդականներից է և ղեկավարում է կառավարության ծախսերի կրճատման նախաձեռնությունը, կասկածի տակ է դրել այս ծավալի ներդրումների արժեքը:

«Նրանք իրականում փող չունեն: SoftBank-ն ապահովել է 10 միլիարդ դոլարից պակաս գումար։ Ես դրա վերաբերյալ հավաստի տեղեկություններ ունեմ»,- գրել է Մասկը իր X սոցիալական հարթակում։