Գերմանական Bosch ընկերությունը տնտեսելու նպատակով կրճատում է աշխատանքային շաբաթը և նվազեցնում աշխատակիցների աշխատավարձերը։
Bosch տեխնոլոգիական կոնցեռնը 2025 թվականի մարտից կրճատում է աշխատանքային ժամերը 450 աշխատակիցների համար իր գերմանական ձեռնարկություններում, ներառյալ Գերլինգենի կենտրոնակայանը և Շտուտգարտի ստորաբաժանումը: Այժմ այդ աշխատակիցները կաշխատեն շաբաթական 35 ժամ՝ նախկին 38-40 ժամի փոխարեն, ինչը կհանգեցնի աշխատավարձերի նվազմանը, հայտնել են ընկերությունում։
Աշխատանքային ժամերի կրճատումը ազդել է նաև Bosch Engineering դուստր ձեռնարկության վրա, որտեղ հոկտեմբերից 2300 աշխատակից աշխատում է շաբաթական 37 ժամ՝ 40-ի փոխարեն: 2025 թվականի սկզբից այդ թիվը կկրճատվի մինչև 36 ժամ։
Աշխատաժամանակի կրճատման միջոցառումները ընկերության ծախսերը նվազեցնելու ռազմավարության մի մասն են: Բացի այդ, Bosch-ը հայտարարել է ամբողջ աշխարհում ավելի քան յոթ հազար աշխատատեղ կրճատելու ծրագրերի մասին, ներառյալ Գերմանիայում գործող ձեռնարկությունները: Հիմնական հարվածը կլինի ավտոմոբիլային ստորաբաժանման, ինչպես նաև էլեկտրական գործիքների և կենցաղային տեխնիկայի արտադրության վրա։
Bosch-ի գործադիր տնօրեն Շտեֆան Հարթունգը նշել է, որ 40-ժամյա պայմանագրերով աշխատողների աշխատանքային ժամերի կրճատումն ավելի արդար որոշում է՝ համեմատած կրճատումների հետ:
«Սա քայլ է աշխատատեղերի պահպանման համար», - ասել է նա Stuttgarter Zeitung-ին տված հարցազրույցում: