Չինաստանն այսօր տեխնոլոգիական զարգացման առումով աշխարհում առաջիններից է։ Եվ սա պարզապես խոսքեր չեն։ Ցինդաո քաղաքում Հայաստանից ժամանած հյուրերի համար կազմակերպվել էր այցելություն աշխարհահռչակ «Hisense» ընկերության գլխամաս, որտեղ ականատես եղանք, թե ինչպես է չինական ընկերությունը տարիների ընթացքում կատարելագործվել և դարձել տեխնիկայի արտադրության ոլորտի ամենահայտնի բրենդերից մեկը։
Hisense Corporation-ը հիմնադրվել է 1969 թվականին։ Այն Չինաստանի էլեկտրոնիկայի տասը խոշորագույն ընկերություններից մեկն է, որը մասնագիտացած է բարձր տեխնոլոգիական արտադրանքի մշակման և արտադրության մեջ։ Արտադրանքն արտահանվում է աշխարհի ավելի քան 100 երկիր։
Չինական այս ընկերությունն արտադրում է ոչ միայն հեռուստացույցներ, խոշոր կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա, այլ նաև ժամանակակից բժշկության մեջ կիրառվող բարձրորակ սարքավորումներ ամենատարբեր հետազոտությունների համար։
Radar Armenia-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Hisense» ընկերությունում աշխատում է ավելի քան 100․000 մարդ։ «Hisense» ընկերությունն աշխարհին ներկայանում է այնպիսի ապրանքանիշերով, ինչպիսիք են՝ TOSHIBA-ն, gorenje-ն, KELON-ը, HITACHI-ն և այլն։
Ընկերությունում ներկայացվեց ամենավերջին արտադրության կենցաղային տեխնիկան, էլեկտրոնային գրատախտակները, որոնց բարձր որակը զարմացրեց մեզ։ Նշենք, որ Hisense-ը հովանավորում է բազմաթիվ սպորտային միջոցառումներ, մրցաշարեր և թիմեր:
Hisense-ում ամենագրավիչներից էր ոչ միայն ժամանակակից լուծումներով արտադրանքը, այլև աշխատանքային պայմանները, որտեղ մարդիկ աշխատում են։ Էսթետիկ ինտերիերը, յուրաքանչյուր հարկում հանգստի զոնաները, հարմարավետությունը հնարավորություն են տալիս աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու համար։ Թերևս սա է նաև ընկերության հաջողության գրավականներից մեկը։
Ստորև ներկայացնում ենք լուսանկերներ, որոնք ֆիքսել է Radar Armenia-ի թղթակիցը Չինաստանի Ցինդաո քաղաքում գործող «Hisense» ընկերությունում։
Հայկ Մագոյան