Տեխնէ

Արհեստական ​​բանականությունը կարող է դառնալ մարդկության մեծագույն գլխացավանքը

Արհեստական բանականության (Artificial Intelligence) «կնքահայր» Ջեֆրի Հինթոնը լքել է Google-ը: Հինթոնը Google-ում աշխատել է ավելի քան 10 տարի՝ հեռանալով զգուշացնելով արհեստական բանականության բերած հնարավոր վտանգների մասին։

75-ամյա Հինթոնը, որը հայտնի է նեյրոնային ցանցերի մշակման և գործարկման իր հետազոտություններով, ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ արհեստական բանականությունը դառնում է ավելի վտանգավոր և կարող է օգտագործվել բացասական կերպով։ 

«Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել հինգ տարի առաջ, և ինչ է հիմա... Համեմատեք տարբերությունը և նախագծեք այն ապագայում: Դա սարսափելի է։ Ես եկել եմ այն եզրակացության, որ արհեստական բանականության տարատեսակը, որը մենք զարգացնում ենք, շատ է տարբերվում մեր ունեցած բանականությունից։ Ենթադրենք՝ դուք ունեք 10 հազար մարդ, և երբ մի մարդ ինչ-որ բան է սովորում, ապա ինքնաբերաբար բոլորն են սովորում դա: Ահա թե ինչպես այս չաթ-բոտերը կարող են շատ ավելին իմանալ, քան որևէ մեկը։ Մարդիկ այլևս չեն կարողանա հասկանալ, թե ինչն է իրականում արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված՝ լուսանկարները, տեսանյութերը և տեքստերը հեղեղում են համացանցը», - հայտարարել է մասնագետը: Նա նաև պնդել է, որ AI-ի անկառավարելի ու անզուսպ աճը բերելու է համատարած գործազրկության։ 

Հինթոնի հետազոտությունը ճանապարհ է բացել ներկայիս համակարգերի համար, ինչպիսին է ChatGPT-ն: Հինթոնը «New York Times»-ին հայտնել է, որ մինչև անցյալ տարի ինքը կարծում էր, որ Google-ը եղել է տեխնոլոգիայի «պատասխանատու ընկերություն», բայց դա փոխվեց այն բանից հետո, երբ «Microsoft»-ը սկսեց ներառել չաթ-բոտն իր Bing որոնողական համակարգում, և ընկերությունը սկսեց անհանգստանալ դրա հետ կապված վտանգի առնչությամբ և ներքաշվեց մի մրցավազքի մեջ, որը կարող է մեծ վտանգներ պատճառել մարդկությանը: 

Google-ի գլխավոր մասնագետ Ջեֆ Դինը հայտարարության մեջ ասել է, որ Google-ը բարձր է գնահատում Հինթոնի՝ վերջին տասնամյակի ներդրումն ընկերությունում:

«Որպես AI-ի սկզբունքները հրապարակած առաջին ընկերություններից մեկը՝ մենք հավատարիմ ենք մնում AI-ի նկատմամբ պատասխանատու մոտեցմանը: Մենք շարունակաբար սովորում ենք հասկանալ առաջացող ռիսկերը՝ միաժամանակ համարձակ նորարարություններ անելով», - ասել է Դինը։ 

Ավելի վաղ IBM-ի գործադիր տնօրեն Արվինդ Կրիշնան «Bloomberg»-ին հայտնել էր, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում ընկերության back-office աշխատողների մինչև 30%-ը կարող է փոխարինվել AI-ով և ավտոմատացումով: