Եվրոպական օդատիեզերական «Airbus» կորպորացիան սկսել է Airbus A321 ինքնաթիռի արտադրությունը Տյանցզինի վերջնական հավաքման հոսքագծում: Սա նշանակում է, որ Չինաստանը կկարողանա մատակարարել Airbus A320 ընտանիքի բոլոր մոդելները։ Այդ մասին հայտնում է Չինաստանի պետական «Xinhua» լրատվական գործակալությունը։
Սպասվում է, որ Տյանցզինում հավաքված առաջին A321-ը պատվիրատուին կմատակարարվի հաջորդ տարվա սկզբին:
Ներկայումս A321 մոդելին բաժին է ընկնում A320 ընտանիքի ինքնաթիռների պատվերների համաշխարհային ծավալի մոտ 60%-ը: Նեղ թափքի A321 ինքնաթիռը կարող է տեղավորել ավելի քան 200 ուղևորի։ Թռիչքի հեռահարության առումով այն նման է լայնածավալ ինքնաթիռին, սակայն տարբերվում է շահագործման ավելի ցածր ծախսերով:
Airbus-ն ունի A320 ինքնաթիռների հավաքման չորս կենտրոն՝ Թուլուզում (Ֆրանսիա), Համբուրգում (Գերմանիա), Տյանցզինում (Չինաստան) և Մոբայլ քաղաքում (ԱՄՆ, Ալաբամա):