Տեխնէ

Ռուսաստանում Windows-ի չլիցենզավորված տարբերակի պահանջարկն աճել է 2,5 անգամ

Վերջին երեք ամիսների ընթացքում Google-ում հարցումների թիվը՝ կապված Windows-10 օպերացիոն համակարգի չլիցենզավորված, հաքերային տարբերակի ակտիվացման եղանակների հետ, աճել է 80-250%-ով։ Այս մասին հայտնում է Коммерсант-ը՝ հղում կատարելով Google Trends ծառայության տվյալներին։

Բացի այդ, Excel-ի անվճար ներբեռնումները հունիսի սկզբից ամենաարագ աճող որոնումներից են՝ պահանջարկը աճել է 6,5 անգամ: Ռուսները հունիսի վերջին Microsoft-ի պաշտոնական կայքից օպերացիոն համակարգը տեղադրելու հետ կապված խնդիրներ ունեին, այժմ դա հնարավոր էր անել միայն VPN-ի միջոցով։

Microsoft-ը այն ընկերությունների թվում է, որոնք սահմանափակեցին իրենց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Բացի այդ, անցյալ շաբաթ ընկերությունը հայտարարեց, որ կշարունակի կրճատել իր ներկայությունը ռուսական շուկայում, քանի դեռ այն ամբողջությամբ չի լքել։