Հայաստանում 2023 թվականից հասանելի կլինի Starlink ինտերնետ կապը։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, թե ինչ կտա այն Հայաստանին, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնել են, որ Starlink արբանյակային ինտերնետ կապը Հայաստանի համար կարող է հանդիսանալ լրացուցիչ, իսկ որոշ դեպքերում՝ նաև այլընտրանքային ինտերնետ կապի տեսակ։ Starlink արբանյակային ինտերնետ կապը թույլ կտա մարդկանց օգտվել ինտերնետից հեռավոր վայրերում, որտեղ բացակայում են գծային և շարժական ինտերնետ կապի ծառայությունները:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արբանյակային ինտերնետի տրամադրումը կատարվում է ռադիոհաճախականությունների միջոցով, անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ իրականացնել Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում և մի շարք իրավական ակտերում՝ արբանյակային ինտերնետից օգտվողներին ապահովելով այդ հաճախականությունների առանց թույլտվության շահագործման պայմաններ»,-հայտնել են նախարարությունից:
Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղակայված է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ, մատչելի արբանյակային ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհում։