Գերմանական Rheinmetall կոնցեռնը Լե Բուրժեում անցկացվող Eurosatory-2022 ցուցահանդեսում պաշտոնապես ներկայացրել է նոր KF51 Panther տանկը։ Այդ մասին հայտնել է գերմանական Handelsblatt օրաթերթը։
«Փարիզում կայացած Eurosatory-2022 սպառազինությունների ցուցահանդեսում Rheinmetall-ի գլխավոր տնօրեն Արմին Փափերգերը ներկայացրել է KF51 Panther տանկը, որը համարվում է Leopard-2 տանկի հաջորդը: Փորձագետները վաղուց այն համարում էին աշխարհի ամենահզոր մարտական տանկը, բայց Leopard-2-ը կամաց-կամաց ծերանում է»,- գրել է թերթը։
Ըստ Defense Romania-ի՝ Kf-51 Panther-ը Rheinmetall զրահապատ մարտական մեքենաների ընտանիքի վերջին սերնդի ներկայացուցիչն է։ Kf-51-ի հիմնական սպառազինությունը 130 մմ ողորկափող հրանոթն է։ Կոնցեռնը մանրամասներ չի հրապարակել նոր տանկի առանձնահատկությունների և բնութագրերի մասին։