Տեխնէ

Առաջիկա տարիներին կրիպրոարժույթների քանակը, ամենայն հավանականությամբ, կնվազի․ փորձագետներ

Կրիպտոարժույթների արդյունաբերության մի շարք խաղացողներ CNBC-ին ասել են, որ հազարավոր թվային թոքեններ, ամենայն հավանականությամբ, կփլուզվեն, իսկ գոյություն ունեցող բլոքչեյնների թիվը առաջիկա տարիների ընթացքում կնվազի: Գոյություն ունեն ավելի քան 19 հազար կրիպտոարժույթներ և տասնյակ բլոքչեյն հարթակներ:

Վերջիններս, ինչպիսին Ethereum-ն է, տեխնոլոգիական հիմքեր են, որոնց վրա կառուցված են տարբեր կրիպտոարժույթներից շատերը: Վերջերս, ալգորիթմային terraUSD կրիպտոարժույթի և դրա հետ կապված luna թոքերի փլուզումը, ցնցել է շուկան և ուշադրության արժանացրել գոյություն ունեցող հազարավոր կրիպտոարժույթներն ու հարցը, արդյոք դրանք կգոյատևեն:

Web3 Foundation-ի գործադիր տնօրեն Բերթրան Փերեսը նշել է, որ այժմ գտնվում ենք մի փուլում, երբ չափազանց շատ բլոքչեյններ և թոքերներ կան, և օգտագործման իմաստն անհետանում է: Փերեսը նշել է, որ դա նաև որոշակի ռիսկեր է պարունակում օգտատերերի համար: Անդրսահմանային բլոքչեյն վճարումներ իրականացնող Ripple ընկերության գործադիր տնօրեն Ռեդ Գարլինգհաուսը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, ապագայում կմնան «տասնյակ» կրիպտոարժույթներ:

«Հարցն այն է՝ արդյոք այսօր մեզ անհրաժեշտ է 19000 նոր արժույթ: Ֆիատ աշխարհում կա մոտ 180 արժույթ», - ասել է Գարլինգհաուսը: Նույն ընկերության ներդրումային տնօրեն Սքոթ Միներդն էլ, իր հերթին, նշել է, որ կրիպտոարժույթների մեծ մասը «աղբ» է, սակայն Bitcoin-ը և Ethereum-ը կպահպանվեն:

Հայտնի է, որ կրիպտոարժույթների շուկայում ճնշումը շարունակվում է: Bitcoin-ի արժեքը 50 տոկոսով նվազել է նոյեմբերին գրանցած ամենաբարձր ցուցանիշից: Քանի դեռ մի շարք հարթակներ հավակնում են առաջատար դառնալ, FTX U.S.  ընկերության գործադիր տնօրեն Բրեթ Հարիսսոնը կարծում է, որ տաս տարի հետո հարյուրավոր բլոքչեյններ, հավանաբար, գոյություն չեն ունենա եւ կլինեն մի քանի ակնհայտ հաղթողներ: