«Once in a blue moon»-ը արտահայտությունն է, որը սովորաբար օգտագործվում է աներևակայելի հազվադեպ իրադարձություն նկարագրելու համար, բայց ի՞նչ է դա նշանակում՝ աստղագիտական իմատով: Կարո՞ղ է լուսինը կապույտ լինել:
Կապույտ լուսնի երկու տեսակ կա, բայց, ցավոք, ոչ մեկը կապ չունի գույնի հետ: Ըստ NASA-ի՝ «Սեզոնային կապույտ լուսին»-ը Կապույտ լուսնի ավանդական սահմանումն է և վերաբերում է երրորդ լիալուսնին: Մինչդեռ երկրորդ սահմանումը, որն առաջացել է առաջին սահմանումը սխալ հասկանալուց, ամենամսյա Կապույտ լուսինն է, որը վերաբերում է մեկ օրացուցային ամսվա ընթացքում երկրորդ լիալուսնին: Ամսական Կապույտ լուսինն այժմ համարվում է Կապույտ լուսնի երկրորդ սահմանումը, այլ ոչ թե սխալը:
Ի՞նչ է Կապույտ լուսինը
Քանի որ լուսնի փուլերի ցիկլը տևում է մոտավորապես մեկ ամիս, սովորաբար ամեն տարի լինում է 12 լիալուսին: Շատ մշակույթներ տարբեր անուններ են տվել յուրաքանչյուր ամսվա լիալուսնին՝ 12 ամիս, 12 լիալուսին, 12 անուն: Լուսնի փուլերը, իրականում, տևում են 29,5 օր, ինչը նշանակում է, որ լուսնային 12 ցիկլը ավարտելու համար պահանջվում է ընդամենը 354 օր: Այսպիսով, մոտավորապես 2,5 տարին մեկ օրացուցային տարվա ընթացքում դիտվում է 13-րդ լիալուսինը: Այս 13-րդ լիալուսինը չի համապատասխանում սովորական անվանման սխեմային և կոչվում է Կապույտ լուսին:
Որքան հաճախ է Կապույտ լուսինն ի հայտ գալիս
Հակառակ «once in a blue moon» տարածված արտահայտության՝ Կապույտ լուսինները կարող են համեմատաբար ավելի հաճախ երևան գալ։ Ըստ NASA-ի՝ Կապույտ լուսինները տեղի են ունենում երկու-երեք տարին մեկ անգամ: Քանի որ լիալուսնի միջև կա մոտավորապես 29,5 օր, փետրվարը երբեք չի ունենա ամսական Կապույտ լուսին, քանի որ այն ունի միայն 28 օր՝ ընդհանուր, և 29 օր՝ նահանջ տարում: Երբեմն, փետրվարն ընդհանրապես լիալուսին չի ունենում, սա հայտնի է որպես Սև լուսին:
Ե՞րբ է սպասվում հաջորդ Կապույտ լուսինը
Հաջորդ ամսական Կապույտ լուսինը 2023թ․ օգոստոսի 30-31-ին է: Հաջորդ սեզոնային Կապույտ լուսինը տեղի կունենա 2024թ․ օգոստոսի 19-20-ին։ Վերջին Կապույտ լուսինը տեղի է ունեցել 2021թ․ օգոստոսի 22-ին և հիացրել է դիտողներին:
Կարո՞ղ է արդյոք լուսինը կապտել
Այո, բայց դա շատ հազվադեպ իրադարձություն է: Ըստ NASA-ի՝ 1883 թվականին ինդոնեզական Կրակատաու հրաբուխը ժայթքել է և մոխիրը տարածել մթնոլորտում՝ մինչև 80 կմ: Մոխրի փոքրիկ մասնիկները, որոնց չափը մոտ մեկ միկրոն է, ֆիլտրի դեր են կատարել՝ ցրելով կարմիր լույսը և նրան տալով հստակ կապտականաչ երանգ: Ըստ NASA Science-ի՝ հայտնի է նաև, որ այլ հրաբխային ժայթքումները ևս առաջացնում են «կապույտ լուսիններ», այդ թվում՝ 1983 թվականին Մեքսիկայի Էլ Չիչոն հրաբխի ժայթքումը, 1980 թվականին Սուրբ Հելենս և 1991 թվականին՝ Պինատուբո լեռան ժայթքումները: