2022-ին սպասվում են մի շարք նոր թրենդներ ռեստորանային և սննդի սպասարկման ոլորտում, որոնցից մի քանիսին կծանոթանանք միասին: Թրենդներից մեկը վերաբերում է այնպիսի տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելուն, որոնք թույլ կտան կրճատել աշխատակիցների թիվը, դրանց հետ փոխկապակցված ծախսերն ու մեծացնել աշխատանքի արդյունավետությունը:
Ճաշացանկի կրճատում
Մատակարարման ցանցերի հետ առաջացած խնդիրները, մթերքի գնաճն ու աշխատուժի պակասը բերում են նրան, որ շատ ռեստորաններ կրճատում են իրենց ճաշացանկը: Ըստ «Technomic»-ի՝ 2021-ի երրորդ քառորդում ռեստորանների ճաշացանկը, ընդհանուր առմամբ, կրճատվել էր 10%-ով՝ համեմատած մինչև համավարակն ընկած ժամանակահատվածը։ Քանի որ կովիդի հարուցած տնտեսական հետևանքները դեռ շարունակում են դրսևորվել, պետք է սպասել ճաշացանկի է՛լ ավելի կրճատում:
Բուսական միս
Սննդի խոշոր ցանցերը սկսել են առաջնություն տալ բուսական հումքով մթերքին: Այսպես, բուսական հումքով «մսի» օգտագործումը դարձել է այս տարվա միտումներից մեկը: «McDonald's»-ը իրականացրել է իր «McPlant products»-ի փորձնական արտադրությունը, իսկ «Starbucks»-ը Սիեթլի իր մասնաճյուղում ներկայացրել է 100% բուսական հիմքով ճաշացանկ:
Ֆուդ-կորտեր
Սննդի սպասարկման սրահները (ֆուդ-կորտեր) գնալով ավելի թրենդային են դառնում: Այդ պատճառով նման բիզնեսները սկսել են վարձել ավելի մեծ՝ գրասենյակային տիպի տարածքներ: Սննդի սպասարկման այս սրահները առաջարկում են ավելի մատչելի գնով սնունդ, ինչպես նաև՝ անմիջական և ընտանեկան միջավայր:
Սննդի առաքում
Ինչպես կարծում են փորձագետները, այժմ սննդի սպասարկմամբ զբաղվող բիզնեսները պետք է մշակեն ռազմավարություններ, որոնք հաճախորդների համար շահեկան կդարձնեն ոչ թե սննդի առաքումը, այլ «թեյք ըվեյ» կամ «փիք ափ» տարբերակը, որի դեպքում հաճախորդները իրենք են գալիս սննդի ետևից և տանում տուն:
Բացի այդ՝ առաքմամբ զբաղվող օպերատորները կավելացնեն փիք-ափ պահարաններն ու արկղերը: Նրանք նաև կկենտրոնանան թվային հարթակների զարգացման վրա: