ԱՄՆ-ի Դաշնային ավիացիայի ադմինիստրացիան (FAA) նախազգուշացրել է «Boeing» ընկերությանը, որ հնարավոր է՝ վկայական չտրամադրվի «737 MAX» օդանավի՝ երկարավուն կառուցվածքով տարբերակի գործարկման համար, մինչև Կոնգրեսի սահմանած ժամկետները լրանալը։ Դաշնային ավիացիայի ադմինիստրացիան գտնում է, որ ներկայիս «Boeing 737-10» մոդելը հնարավոր է՝ չկարողանա բավարարել 2020թ.-ի՝ Կոնգրեսի առաջադրած անվտանգության պահանջներին ու տեխնիկական չափանիշներին:
2020թ. մշակված «Որոշում օդանավերի սերտիֆիկացման, անվտանգության և հաշվետվողականության մասին» օրենքը վերաբերում է Դաշնային ավիացիայի ադմինիստրացիայի կողմից օդանավերի սերտիֆիկացման ընթացակարգին, համաձայն որի՝ օդաչուների խցիկում տագնապի ազդանշաններին վերաբերող անվտանգության նոր չափանիշները պետք է ուժի մեջ մտնեն մինչև 2022-ի դեկտեմբեր:
Ըստ ամերիկյան օրենսդրության՝ միայն ԱՄՆ Կոնգրեսը կարող է երկարաձգել վերջնաժամկետը, եթե Դաշնային ավիացիայի ադմինիստրացիան վկայագիր չտրամադրի «737 MAX 10»-ին՝ մինչև այս տարվա ավարտը: «Boeing» ընկերությունը օրենսդիրների հետ հանդիպմանը հայտարարել է, որ օդանավը չհաստատելու որոշումն իր բացասական ազդեցությունը կունենա ընկերության վրա: «737 MAX 10»-ը ավելի երկարավուն կառուցվածք ունի, քան ավելի շուտվա՝ «737 MAX» նեղ կառուցվածքով մոդելները:
Լայնակի կառուցվածքով «777-9» օդանավը թարմացված «777» տեսակի նախնական տարբերակն է և հայտնի է որպես «777X»: 2021թ.-ի մայիսին Դաշնային ավիացիայի ադմինիստրացիան տեղեկացրել էր ընկերությանը, որ, իրատեսական հաշվարկներով, 2023թ.-ի կեսերից մինչև տարվա վերջ «777X»-ին չի տրամադրվի վկայագիր:
«Boeing»-ը հայտարարել է, որ «ամեն դեպքում շարունակում է թափանցիկ աշխատել Դաշնային ավիացիայի ադմինիստրացիայի հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը ու փորձելով բավարարել բոլոր պահանջները, այդ թվում՝ «777-9» և «737-10» մոդելների սերտիֆիկացիայի համար»: Դաշնային ավիացիոն ադմինիստրացիան գտնում է, որ ներկայումս գոյություն ունեցող վկայագրման ժամանակացույցը «737 MAX 10»-ի և «777-9»-ի համար «ժամանակավրեպ է և չի արտացոլում ծրագրի իրականացման բոլոր փուլերը»:
Իսկ «Boeing» ընկերությունը դեռևս չունի սահմանված նոր ժամկետներ և աշխատում է վկայագրման ընթացակարգի կոնկրետ փաստաթղթերի մշակման ուղղությամբ՝ Դաշնային ավիացիայի ադմինիստրացիայի կողմից սահմանված պահանջներին համապատասխան: Այս առնչությամբ ադմինիստրացիան դեռ ոչ մի հայտարարություն չի արել: