Կորոնավիրուսի համավարակի արդյունքում տնամերձ այգեգործությունն ու «ուղղահայաց» ֆերման դարձան նոր ուղղվածություն գյուղատնտեսության մեջ։ Այն բազմաթիվ մարդկանց ապրելակերպում դարձավ նորարարություն՝ խթանելով սեփական ձեռքերով աճեցված, առողջ և բնական սննդի օգտագործումը:
Ուղղահայաց ֆերման՝ ուղղահայաց դասավորված շարքերով, առանց արևի լույսի, հողի և քիմիական նյութերի օգտագործման մշակաբույսերի աճեցման ավտոմատացված կամ կիսաավտոմատ գյուղատնտեսական պրակտիկա է:
Սննդի ոլորտում մեկ այլ հետաքրքիր միտում է դարձել վերամշակված սնունդը, որը թույլ է տալիս կրճատել սննդային թափոնները՝ օգտագործելով այն ամենն, ինչ ունեք, և գտնելով դրանց համար լավագույն կիրառությունը: Վերամշակված սնունդը պատրաստվում է բաղադրիչներից, որոնք սովորաբար այլևս պիտանի չեն համարվում սպառման համար: Նման տեսակի սննդի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում նաև շրջակա միջավայրի պահպանության վրա:
Կանաբիդիոլը կամ տեխնիկական կանեփի տերևներից ու արմատներից պատրաստված թուրմը սկսել է ուշադրության արժանանալ՝ որպես բազմատեսակ կերակուրների պատրաստման կարևոր բաղադրիչ: Այժմ այն կարելի է գտնել ամենօրյա օգտագործման զանազան ապրանքների բաղադրության մեջ: Այն նաև օժտված է առողջության վրա բարերար ազդեցություն ունեցող հատկություններով և կարող է կիրառության շատ տարբերակներ ունենալ:
Սննդի սպասարկման բնագավառում ուշագրավ միտում է նաև նախապես պատվիրման հնարավորությունը (pre-ordering-ը), որը թույլ է տալիս՝ խուսափել հերթերում երկար սպասելուց և խնայել ժամանակ։ Այն նաև նպաստում է մարդաշատ վայրերում սոցիալական հեռավորության պահպանմանը, ինչը համավարակի ժամանակաշրջանում առավել կարևոր է հանրային առողջության պահպանման համար:
Նման հնարավորություն այժմ իր հաճախորդներին ընձեռնում է նաև «Starbucks» ընկերությունը: Հաճախորդները կարող են նախապես պատվիրել սուրճ և զգալիորեն հեշտացնել իրենց առօրյան: Առհասարակ, վերջին շրջանում անհպում ծառայությունների և սպասարկման մեծ պահանջարկ կա, և այս միտումը, կարծես, դեռ երկար կշարունակվի: