Նավաշինության մեջ նման հսկայական զբոսանավերը ընդունված է անվանել մեգազբոսանավեր: Զբոսանավի երկարությունն է 162,5 մ, լայնությունը՝ 21,5 մ, իսկ տախտակամածները ինն են:
Զբոսանավի ջրատարողությունը կազմում է 13.000 տոննա, շարժիչը երկու պտուտակային լիսեռով է և ունի երկու ենթաղեկային սարք, արագությունը 22 հանգույց է, իսկ առավելագույն արագությունը՝ 25-28 հանգույց:
Զբոսանավի թափքը պողպատյա է, իսկ կցակառույցները՝ ալյումինե:
Ուշագրավ են նաև զբոսանավի հավելյալ սարքերն ու հարմարությունները։ Ֆոտոսենսորներն ու ինֆրակարմիր լազերները՝ նախատեսված թվային սարքերով տեսանկարահանումը խոչընդոտելու համար, երկու ուղղաթիռն ու թռիչքուղիները՝ անգարներով, զրահապատ ապակիները, հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգը, զբոսանքի 4 առագաստանավերը, 20 շարժիչով սկուտերները, 12-տեղանոց մինի սուզանավը և այլն:
Նավի վրայի տարածքները ոչ պակաս տպավորիչ են. «Ծովակալի» («Адмиральская») նավասենյակն ունի 500 մ² տարածք, բեմահարթակ ու ռոյալ: Սեփականատիրոջ անձնական նավասենյակն ունի 56 մ երկարություն, իսկ հյուրերի համար նախատեսված լյուքս նավասենյակները 24-ն են և կարող են հուրընկալել 62 ուղևոր:
Զբոսանավում կարելի է գտնել նաև մարմնամարզության դահլիճ՝ սաունայով, երկու լողավազան, կինոդահլիճ, պարասրահ, գինու մառան, երկու խոհանոց և 92 հոգանոց անձնակազմի համար նախատեսված տարածքներ:
Ըստ «Sunday Times»-ի՝ Աբրամովիչի զբոսանավի արժեքը 910 միլիոն դոլար է: