Եթե երբևէ երազել եք գումար վաստակել երաժշտություն գրելով, բայց մտածել եք, որ բավարար տաղանդ չունեք, այժմ ոչինչ չի խանգարում՝ փորձել դա անել: Բանն այն է, որ հիմա արդեն կա մի կայք ու նաև հավելված, որը կոչվում է «Boomy», որի օգնությամբ օգտատերերը կարողանում են ստեղծել իրենց երգերը՝ օգտագործելով արհեստական բանականության ծրագրային ապահովումը, որը կատարում է ողջ ծանր աշխատանքը:
Ընտրում եք երաժշտական ժանրերից որևէ մեկը, սեղմում «ստեղծել երգ» կոճակը, և արհեստական բանականությունը երգ է հորինում ձեզ համար՝ 30 վայրկյանից էլ քիչ ժամանակում: Այն արագ ընտրում է ստեղծագործության նոտաները, ակորդները և մեղեդին: Այնուհետ ինքներդ կարող եք ավարտուն տեսք հաղորդել այդ երաժշտությանը:
Կարող եք կատարել տարբեր գործողություններ՝ ավելացնել կամ հանել երաժշտական գործիքներ, փոխել տեմպը, հարմարեցնել երաժշտության բարձրությունը և ավելացնել արձագանքներ, դարձնել ավելի ուժգին կամ նուրբ հնչող, ավելացնել երգեցողական կտորներ:
Ուրախալին այն է, որ այս հավելվածի հիմնական փաթեթից կարող եք օգտվել անվճար: Ուշագրավ է, որ արհեստական բանականության օգտագործումը՝ երաժշտություն ստեղծելու համար, այդքան էլ նոր երևույթ չէ: Այսպես, 1980-ականներին դասական երաժշտության ամերիկացի երգահան Դեվիդ Քոփը մշակել էր այդպիսի մի ծրագիր:
Մի օր, երբ նա կարգավորումներում հրահանգել է ծրագրին՝ գրել այնպիսի երաժշտություն, որ նման լինի Յոհան Բախի ստեղծագործություններին, համակարգիչը ստեղծել է Բախի ստեղծագործություններից ոգեշնչված 5.000 երգչախմբային կատարում: Դրանք հետագայում թողարկվել են մեկ ալբոմով, որը կոչվում է «Մտահղացած Բախը» (Bach by Design):