Միջազգային

Ճապոնիան իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Ուկրաինայի տարածքը

Ճապոնիայի կառավարությունը երկրի քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը։ Այս մասին երեքշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ Հունվարի 24-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինային հատկացրել է վտանգի երրորդ աստիճան՝ չորս բալանոց սանդղակով, ինչը հավասարազոր է այս երկիր չայցելելու կոչին։ Չորրորդ մակարդակը ենթադրում է տարհանման անհրաժեշտություն։ 

Տևական ժամանակ է, ինչ Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։