Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում 2022-ին բեմադրվելու են Անտոն Չեխովի «Բալենու այգին», Ալեքսանդր Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» և այլ ներկայացումներ: «Ռուսական դրամատուրգիան շատ հզոր ու բարդ է: Բեմադրելով Շեքսպիրի, Մոլիերի և այլոց գործերը՝ որոշեցինք 2022-ը հայտարարել ռուս դասականների տարի: Մենք արդեն սկսել ենք Չեխովի «Բալենու այգին» պիեսի բեմադրական փորձերը, հետո անցնելու ենք Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» պիեսին, իսկ այնուհետև կբեմադրենք ռուսական ժողովրդական «Արքայադուստր գորտը» հեքիաթը,-ասել է Ներսիսյանը:
Կարեն Ներսիսյանը, որը թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները կատարում է շուրջ երեք տարի, հայտնել է, որ այդ ընթացքում իրենց թատրոնում բեմադրվել է 16 նոր ներկայացում, որոնցից հինգի հեղինակն ինքն է: Նա նշում է, որ դա լավ ցուցանիշ է, սակայն աշխատելիս երբեք չեն մտածել քանակի մասին: Անդրադարձել են և՛ դասական, և՛ ժամանակակից հեղինակների՝ բեմադրելով Թումանյանի, Շեքսպիրի, Պուշկինի, Մոլիերի գործերը, իսկ ժամանակակիցներից անդրադարձել են Էլջիբեթա Հովանեցին, Դոն Նիգրոյին և այլոց: