Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը աշխարհի կայծակնային շախմատի առաջնության 14-րդ խաղափուլում հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին:
Նախօրեին տեղեկացրել էինք, որ հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնության առաջին խաղային օրվանից հետո:
Տղամարդկանց առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը 13 հնարավորից ուներ 9 միավոր և կիսում էր 10-20-րդ հորիզոնականները: Հաջորդ խաղափուլում Հայկը կմրցի աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ:
Արամ Հակոբյանը ունի 8.5 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 8 միավոր: Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը 10 հնարավորից ունի 7 միավոր և կիսում է 7-17-րդ հորիզոնականները:
Տղամարդկանց առաջնությունը կանցկացվի 19 խաղափուլով, իսկ կանանց առաջնությունը՝ 15 խաղափուլով: