Թուրքիայում ֆուտբոլային խաղադրույքների և պայմանավորված խաղերի գործով նոր ձերբակալությունների ալիք է սկսվել։ Ստամբուլի գլխավոր դատախազության հրահանգով՝ 11 նահանգներում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 24 անձ, այդ թվում՝ «Գալաթասարայի» նախկին փոխնախագահ Էրդեն Թիմուրը։
Հետաքննության շրջանակներում ընդհանուր առմամբ թիրախում է հայտնվել 29 հոգի, որոնցից 14-ը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են։ Մեղադրանքների հիմքում ընկած են հետևյալ կետերը.
Խաղի արդյունքի վրա ազդեցություն. 6 կասկածյալ մեղադրվում է 2024թ. հոկտեմբերի 26-ին կայացած «Քասըմփաշա-Սամսունսփոր» հանդիպման արդյունքի վրա ազդելու համար։
Սեփական թիմի դեմ խաղադրույք. 14 ֆուտբոլիստ կասկածվում է սեփական թիմի պարտության վրա խաղադրույք կատարելու մեջ։
Անօրինական ֆինանսական գործարքներ. Էրդեն Թիմուրը և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (TFF) մեկ աշխատակից մեղադրվում են կասկածելի դրամական փոխանցումների և խաղադրույքների հետ կապ ունենալու մեջ։
Սա հետաքննության երրորդ փուլն է։ Ավելի վաղ նույն գործի շրջանակներում կալանավորվել էին հայտնի անուններ։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ հանցավոր սխեմաները բացահայտվել են MASAK-ի (Ֆինանսական հանցագործությունների քննչական խորհուրդ) տվյալների, հեռախոսային զանգերի վերլուծության և թվային կրիչների զննության արդյունքում։