Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել է 2025 թվականի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ու համաշխարհային ունիվերսիադայում հաղթող և մրցանակակիր դարձած Շիրակի մարզի մարզիկների, նրանց անձնական մարզիչների և սպորտի ոլորտի պատասխանատուների համար։
«Մենք քննարկում էինք հանդիպման ֆորմատը, ինձ համար նախընտրելի տարբերակն այն եղավ, որ հանդիպմանը բոլորդ մասնակցեք, բոլորիդ հետ ունենանք ջերմ ու անմիջական շփում՝ մեր սկսնակ մարզիկներից մինչև վետերաններ։ Մեր մարզիկները, մարզիչներն ու վետերաններն ահռելի գործ են արել Շիրակի մարզն ու Գյումրին մարզական մայրաքաղաք կոչելու, մեր գլուխը բարձր պահելու համար, շատ դեպքերում մեր մարզիկների հետևում մարդիկ են, որոնք քիչ եռանդ չեն խնայել և մեզ համար գնահատելի է յուրաքանչյուրիդ ներդրումն ու ջանքը։
Դուք եք Գյումրու, Շիրակի մարզի հպարտությունը, մեր բերանը լեզու դնողը, մեր գլուխը գովելու առիթն ու պատճառը։ Սերունդները կփոխվեն, բայց ձեր շնորհիվ մեր նորեկները ձեզանից շատ սովորելու բան կունենան ու դուք եք լինելու այն ուղենիշը, որը տանելու է նոր սերնդին դեպի հաղթանակ ու ձեռքբերումներ։ Մենք հպարտ ենք ձեզանով»,- նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ մարզական տարբեր առաջնություններում մեդալներ ու մրցանակներ շահած մարզիկներին նոր հաղթանակներ, մարզիչներին ոգևորվելու շատ առիթներ մաղթելով։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Շիրակի մարզպետին հուշանվեր է փոխանցել՝ սպորտի զարգացման գործում մեծ ներդրման համար։ Ֆեդերացիայի անունից հուշանվերը հանձնել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը։
2025-ը մարզական ասպարեզում ձեռքբերումների տարի է եղել Շիրակի մարզի համար։ «Մրցաշրջան-2025»-ին ՀՀ պաշտոնական առաջնություններում շիրակցի մարզիկները շուրջ 500 մեդալ են վաստակել՝ 166 ոսկի, 146 արծաթ, 183 բրոնզ։ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում, Բալկանյան խաղերում նվաճած մեդալների թիվը 102-ն է եղել, դրանցից 55-ը ոսկի, 20-ը արծաթ, 27-ը բրոնզ։