FIFA-ն հայտարարել է, որ աշխարհի առաջնության որոշ խաղերի տոմսերի գները կտրուկ նվազեցվել են ազգային հավաքականների ամենահավատարիմ երկրպագուների համար՝ համաշխարհային լայն քննադատությունից հետո։ Որոշ երկրպագուներ եզրափակիչ հանդիպման համար կկարողանան ձեռք բերել 60 դոլար արժողությամբ տոմսեր՝ նախկինում սահմանված մինչև 4 185 դոլարի փոխարեն։
Սա հազվադեպ հետքայլ է միջազգային ֆուտբոլի ղեկավար մարմնի և նրա նախագահ Ջանի Ինֆանտինոյի կողմից, որոնք բարձր գների քաղաքականության համար վերջին շրջանում ենթարկվել էին սուր քննադատության։
FIFA-ի հաղորդմամբ՝ 60 դոլար արժողությամբ տոմսեր հասանելի կլինեն Հյուսիսային Ամերիկայում անցկացվելիք մրցաշարի բոլոր խաղերի համար և կտրամադրվեն մասնակից հավաքականների ազգային ֆեդերացիաներին։ Վերջիններս կբաշխեն տոմսերը՝ առաջնահերթություն տալով իրենց թիմերին երկար տարիներ աջակցած երկրպագուներին։
Յուրաքանչյուր խաղի համար նախատեսվում է մոտ 400–750 նման տոմս յուրաքանչյուր թիմի համար։ Նոր գնային կատեգորիան ստացել է «Supporter Entry Tier» անվանումը։ Մրցաշարը կանցկացվի 16 քաղաքում՝ ներառյալ ԱՄՆ-ի 11 NFL մարզադաշտ, ինչպես նաև Կանադայի երկու և Մեքսիկայի երեք մարզադաշտեր։
FIFA-ն չի հստակեցրել քաղաքականության փոփոխության պատճառները, սակայն նշել է, որ ցածր գները նախատեսված են մրցաշարի ընթացքում ազգային հավաքականներին ուղեկցող երկրպագուներին աջակցելու համար։
Հյուսիսային Ամերիկայում կայանալիք Աշխարհի առաջնությունը կլինի առաջինը՝ 48 հավաքականների մասնակցությամբ։ Ակնկալվում է, որ մրցաշարը FIFA-ին կբերի առնվազն 10 միլիարդ դոլար եկամուտ և կդառնա պատմության մեջ ամենաթանկը երկրպագուների համար։
Չնայած բարձր գների շուրջ դժգոհություններին՝ FIFA-ն հայտնում է, որ վաճառքի վերջին փուլում արդեն ստացել է ավելի քան 20 միլիոն տոմսերի հայտ։