Սպորտ

Թուրքիայում խաղադրույքների գործով ձերբակալվել են «Ֆեներբախչեի» և «Գալաթասարայի» ֆուտբոլիստներ

Թուրքիայում խաղադրույքների գործով ձերբակալվել են «Ֆեներբախչեի» և «Գալաթասարայի» ֆուտբոլիստներ

Թուրքիայում շարունակվում է ֆուտբոլում անօրինական խաղադրույքների մեծածավալ հետաքննությունը։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը վաղ առավոտյան իրականացրել է նոր գործողություններ, որոնց արդյունքում 35 մարդ բերման է ենթարկվել, իսկ ընդհանուր առմամբ 46 անձի նկատմամբ տրվել է ձերբակալման եւ խուզարկության հրաման։

Ձերբակալվածների թվում են նախկին մրցավար և սպորտային մեկնաբան Ահմեթ Չաքարը, «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստ Մերթ Հաքան Յանդաշը, «Գալաթասարայ»-ի խաղացող Մեթեհան Բալթաջին, ինչպես նաև մի շարք այլ ֆուտբոլիստներ, մրցավարներ և ակումբների ղեկավարներ։ Քննությունը վերաբերում է ինչպես սեփական թիմերի խաղերին կատարած խաղադրույքներին, այնպես էլ հանդիպումների արդյունքները կանխամտածված փոխելու փորձերին։

Գլխավոր դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ քննությունն իրականացվում է ֆինանսական հսկողության մարմնի տվյալների, օրինական առցանց խաղադրույքների հարթակներից ստացված տեղեկատվության և ֆուտբոլի կարգապահական կոմիտեի որոշումների հիման վրա։ Գործը ներառում է կասկածելի դրամական փոխանցումներ, խաղերի ընթացքի վրա ազդելու գործարքներ եւ սպորտում անկարգությունների կանխարգելման մասին օրենքի հնարավոր խախտումներ։

Ձերբակալվածների շարքում են նաեւ «Ադանա Դեմիրսպոր» ակումբի նախկին նախագահ Մուրաթ Սանջաքը, «Անկարասպոր»-ի ղեկավարները եւ «Նազիլի Բելեդիսփոր»-ի նախագահը։ Հինգ անձ այս պահին գտնվում է արտերկրում, խուզարկություններն ու հետախուզումները շարունակվում են։

Այսօրվա գործողություններով Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ խաղադրույքների ձերբակալությունների շարքը մտնում է նոր փուլ։ Թուրքական իշխանությունները հայտարարում են, որ նպատակը ֆուտբոլային ոլորտի «մաքրումն» է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական