2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլի առաջին խաղում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը իրենց խաղերն ավարտել են ոչ-ոքի արդյունքով, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Գաբրիել Սարգսյանը (վարկանիշ՝ 2616) սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի (վարկանիշ՝ 2701) հետ: Շանթ Սարգսյանը (վարկանիշ՝ 2664) սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի (վարկանիշ՝ 2640) հետ:
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը (վարկանիշ՝ 2728) սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարռլ Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի (վարկանիշ՝ 2660) նկատմամբ:
ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայ գրոսմայստեր Սամուել Սևյանը (վարկանիշ՝ 2701) սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի (վարկանիշ՝ 2572) հետ: Չորրորդ փուլի երկրորդ խաղը կմեկնարկի նոյեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին: