Հենրիխ Մխիթարյանը իր նոր ինքնակենսագրական գրքում՝ «La mia vita sempre al centro» (Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում), բացահայտել է Ժոզե Մոուրինյոյի հետ Մանչեսթեր Յունայթեդում աշխատելու ծանր փորձը։
Հայ ֆուտբոլիստը ընդգծել է, որ իրենց հարաբերությունները 2016-18թթ. անտանելի են եղել։
«Ես նրան ասացի, որ դու ինձ քննադատում ես արդեն մեկուկես տարի, այն ժամանակվանից, երբ ես ժամանեցի «Մանչեսթեր Յունայթեդ», - գրել է Մխիթարյանը իր գրքում։
Մխիթարյանը գրել է, որ Մոուրինյոն դրանից հետո իրեն անպիտան է անվանել, որին նա ևս արձագանքել է։
«Մոուրինյոն ասաց, որ ես անպիտան եմ, և ես պարզապես կորցրի ինքնատիրապետումս, արձագանքելով՝ դու ես անպիտանը։ Մուն (Մոուրինյոն) պատասխանեց՝ «Դուրս արի այստեղից, երբեք չեմ ուզում քեզ տեսնել»,- գրել է հայ ֆուտբոլիստը։
Պարապմունքների ընթացքում մարզիչը ոչինչ չի խոսել Մխիթարյանի հետ՝ պահպանելով եկարատև լռություն, բայց ամեն երեկո WhatsApp-ով հաղորդագրություն է ուղարկել՝ «Միկի, հեռացիր, խնդրում եմ»։
«Իրավիճակը դարձել էր անտանելի։ Ես ամեն անգամ նույն պատճենված պատասխանն էի տալիս՝ կհեռանամ, եթե հարմար թիմ գտնեմ, այլապես կսպասեմ ամռանը։ Հունվարի կեսին տեքստը փոքր-ինչ փոխվեց՝ «Միկի, խնդրում եմ հեռացիր, որ ես կարողանամ Ալեքսիս Սանչեսին բերել»,- գրել է հայ ֆուտբոլիստը։
Ըստ նրա՝ Մինո Ռայոլան աշխատում էր այս փոխանակման վրա Արսենալի հետ։ Այնպես որ, իր պատասխանն էլ փոխվեց այս պայմաններում՝ «Ես չեմ հեռանում պարզապես քեզ հաճույք պատճառելու համար, և խնդրում եմ, դադարիր ինձ գրել։ Եթե ուզում ես, խոսիր Մինոյի հետ»։
Փոխանակումը վերջապես տեղի է ունեցել՝ Ալեքսիս Սանչեսը եկել է Մանչեսթեր Յունայթեդ, իսկ Մխիթարյանը շարունակել է իր ելույթները Պրեմիեր լիգան ներկայացնող «Արսենալում»։
«Եվ բոլորն ապրեցին երջանիկ»,- հեգնական տոնով գրել է հայ ֆուտբոլիստը իր գրքում։