Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված աշխարհի առաջնությունում:
Հայաստանի թիմի կազմում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ բրոնզե մեդալներ են նվաճել 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի եզրափակչում 10:1 հաշվով հաղթել է ՕԽ գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային և կարիերայում երկրորդ անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:
Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտել է Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբալովի հետ և առավելության հասել նրա նկատմամբ (1:1), իսկ Սլավիկ Գալստյանը 15-5 հաշվով կամային հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Ռազզակ Բեիշեկեևի նկատմամբ՝ կարիերայում երկրորդ անգամ դառնալով ԱԱ-ի բրոնզե մեդալակիր։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ԱԱ-ին մասնակցել են նաև Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ԱԱ-ի միակ մեդալը նվաճել էր Արսեն Հարությունյանը՝ դառնալով աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր: 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը 7:4 հաշվով առավելության էր հասել Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո Յանգի նկատմամբ: