Երևանում մեկնարկել է Եվրոպական համալսարանական շախմատի 4-րդ առաջնությունը (EUSA), որին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 երկրի 32 համալսարանի 43 թիմ: Հայաստան է ժամանել շուրջ 120 պատվիրակ։
Առաջնությունը կազմակերպվում է Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի (EUSA), Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և ՀՊՏՀ նախաձեռնությամբ, մասնագիտական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի շախմատի ակադեմիան։
Առաջնության բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։
«Այսօր և առաջիկա օրերին Հայաստանն ապրելու է շախմատային շնչով։ Վստահաբար, մենք արժանիորեն կներկայանանք և որպես հյուրընկալ երկիր՝ կդրսևորենք մեր լավագույն կողմերը։ Ուսանող-մարզիկների համար սա ինքնարտահայտման հիանալի առիթ է։ Հաջողություն եմ մաղթում առաջնության բոլոր մասնակիցներին և ասում՝ բարի գալուստ մեր երկիր»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը` ընդգծելով մրցաշարի և համալսարանական սպորտի զարգացման կարևորությունը։
Մասնակիցներին ողջունել և հաջողություն են մաղթել նաև Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեքը, ՀՊՏՀ ռեկտոր և EUC Chess 2025 կազմակերպչական կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը:
Առաջնության շրջանակում անցկացվելու են արագ շախմատի տղաների և աղջիկների թիմային մրցաշարեր, կայծակնային շախմատի տղաների և աղջիկների թիմային մրցաշարեր։ Առաջնությունը կտևի մինչև սեպտեմբերի 20-ը։