Սպորտ

Խաչանովը կպահպանի Ռուսաստանի առաջին ռակետի կոչումը

Խաչանովը կպահպանի Ռուսաստանի առաջին ռակետի կոչումը

Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմնա Ռուսաստանի առաջատարը Տղամարդկանց պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում՝ US Open մրցաշարի արդյունքներով։

Խաչանովը, որը դուրս է մնացել մրցաշարի երկրորդ փուլում, US Open-ի ավարտից հետո կունենա 3280 վարկանիշային միավոր։ Վերջին ռուսաստանցի թենիսիստը, ով կարող էր նրան շրջանցել, Անդրեյ Ռուբլևն էր, սակայն նա երկուշաբթի օրը չորրորդ փուլում պարտվել է կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։ Մրցաշարի ավարտից հետո Ռուբլևը կունենա 2610 միավոր։

US Open-ը տարվա վերջին՝ չորրորդ Մեծ սաղավարտի մրցաշարն է, որն անցկացվում է հարդային ծածկույթի վրա և կավարտվի սեպտեմբերի 7-ին։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է ռեկորդային՝ թենիսի համար աննախադեպ 90 միլիոն դոլար։ Գործող չեմպիոնն աշխարհի առաջին ռակետ՝ իտալացի Յանիկ Սիններն է։ Ռուսներից մրցաշարում հաղթել են Մարատ Սաֆինը (2000 թ.) և Դանիիլ Մեդվեդևը (2021 թ.)։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական