Սպորտ

Սպերցյանը կնեղանա, քանի որ երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ. գործակալ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի գործակալը կարծում է, որ «Սաութհեմփթոնն» ավելի գրավիչ է, քան «Կրասնոդարը»։

Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում «ցլերի» կիսապաշտպանի նկատմամբ և խաղացողի համար առաջարկել է 14 միլիոն դոլար։

Հարցին՝ հայ ֆուտբոլիստը կնեղանա՞, եթե այս անգամ էլ տրանսֆերը չիրականանա, նա դրական պատասխան է տվել․

«Կարծում եմ՝ կնեղանա, քանի որ երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, և հիմա կա դա անելու կոնկրետ հնարավորություն։ Եթե չցանկանար, կարծում եմ՝ «Դինամոյի» հետ խաղից հետո տված հարցազրույցում չէր ասի, որ խոսելու է Սերգեյ Գալիցկիի հետ, առաջարկից առաջ պարզապես կփակեր թեման և չէր պատասխանի նման հարցի։ Էդիկը կոնկրետ հետաքրքրություն ունի «Սաութհեմփթոն» մեկնելու հարցում»,- ասել է նա։

Ըստ Վադիմ Օհանյանի՝ «Սաութհեմփթոնը» մեծ ակումբ է, որը 13 մրցաշրջան խաղացել է Պրեմիեր լիգայում և պահպանել իր կազմի 90%-ը։ Ակումբի տրանսֆերային արժեքը Կրասնոդարի արժեքից կրկնակի ավել է։ Բացի այդ, Չեմպիոնշիփը աշխարհի վեցերորդ լիգան է։

«Ֆուտբոլից լավ հասկացող ամեն ոք հասկանում է, որ այս լիգան մարզական տեսանկյունից շատ ավելի ուժեղ է, քան ՌՊԼ-ն, նաև՝ որպես անգլիական լավագույն ակումբներ տեղափոխությունների ցատկահարթակ։ Անգլիայի Պրեմիեր լիգայի շատ խաղացողներ անցել են դրա մեջով»,- նշել է նա։

Գործակալը համոզված է, որ «Սաութհեմփթոնը» մրցաշրջանի վերջում 100%-ով կվերադառնա Անգլիայի Պրեմիեր լիգա։