Սպորտ

Իտալիան կարող է կորցնել Եվրո-2032-ի կազմակերպման իրավունքը

Իտալիան կանգնած է մի իրավիճակի առաջ, որը տեղական մամուլն անվանում է «ազգային խայտառակություն» և «աղետ»․ ՈւԵՖԱ-ն նախազգուշացրել է, որ Եվրո-2032 ֆուտբոլի ամբողջ առաջնությունը կարող է տեղափոխվել Թուրքիա՝ իտալական մարզադաշտերի խնդրի պատճառով։

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը բազմիցս քննադատել է երկրի հնացած ենթակառուցվածքները՝ դրանք անվանելով «խայտառակություն» և ընդգծելով, որ «նույնիսկ այնպիսի երկրները, ինչպիսին Ալբանիան է, ավելի մեծ առաջընթաց են գրանցել»:

Ճգնաժամը խորացավ այն բանից հետո, երբ Միլանը կորցրեց 2027 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը անցկացնելու իրավունքը՝ Սան Սիրոյի վերանորոգման երկարաձգվող խնդիրների պատճառով։ 300 միլիոն եվրո արժողությամբ վերակառուցման ծրագիրը կանգ առավ, երբ տեղական իշխանությունները արգելափակեցին շինարարությունը՝ հղում անելով մարզադաշտի մշակութային ժառանգության կարգավիճակին։

Իտալիան և Թուրքիան 2023-ին միասին ստացան Եվրո-2032-ի անցկացման իրավունքը՝ ծախսերը կիսելու նպատակով։ Թուրքիան արդեն ունի հինգ ժամանակակից մարզադաշտ, իսկ Իտալիան՝ միայն մեկը։ Իտալիայի առաջարկած տաս մարզադաշտերից ՈւԵՖԱ-ն հաստատել է միայն մեկը՝ Թուրինի «Յուվենտուսի» «Ալիանց» մարզադաշտը։

Ըստ կանոնների՝ վերջնական հյուրընկալող քաղաքների ցուցակը պետք է ներկայացվի 2026-ի հոկտեմբերին, սակայն շինարարական ժամկետները սեղմ են։ Միլանը պարտավոր է սկսել նոր մարզադաշտի շինարարությունը 2027-ի մարտից ոչ ուշ, այլապես կհեռացվի ցանկից։ Որոշ ակումբներ, օրինակ Նապոլին, խոստացել են սեփական միջոցներով կառուցել նոր մարզադաշտեր, բայց Իտալիայի բյուրոկրատիան շարունակում է խոչընդոտ լինել։

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ՈւԵՖԱ-ն կարող է առաջնությունն ամբողջությամբ հանձնել Թուրքիային, որն արդեն ունի 10 լիովին համապատասխան մարզադաշտ։ Առանց արագ առաջընթացի, եզրափակիչը, որը նախատեսվում էր անցկացնել Միլանում կամ Հռոմում, կարող է տեղափոխվել Ստամբուլ։