ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ն անցկացվել է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը, որին 16 երկրի շուրջ 500 մարզիկ է մասնակցել:
Եվրոպայի Մ16 առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Իտալիայի հավաքականը, որը եզրափակչում դիտարժան պայքարում առավելության է հասել Իսպանիայի իր հասակակիցների նկատմամբ: Վերջինս գրավել է երկրորդ տեղը: Երրորդ տեղը գրավել է Ֆրանսիայի թիմը, որի Մ16 տարեկանների հավաքականն ուժեղ է գտնվել Լեհաստանի թիմից:
Օգոստոսի 3-ին կայացած եզրափակիչ հանդիպմանը ներկա է եղել և հաղթողների պարգևատրման արարողությանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ Ալիսա Չեսնուլևիչյուտեն, ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ առաջնությունը, միանշանակ, կարելի է ստացված համարել. «Շատ հետաքրքիր առաջնություն ունեցանք՝ մեծ թվով հանդիսականների մասնակցությամբ: Մասնագետների դիտարկմամբ՝ Երևանում անցկացված առաջնությունն ամենագեղեցիկներից էր Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ՝ թե՛ կազմակերպչական, թե՛ ենթակառուցվածքների հագեցվածության առումով: Ամեն ինչ արված էր առաջնությունը լավագույնս անցկացնելու համար. ապահովվել էր նաև բարձրորակ ուղիղ հեռարձակում: Այս ամենի արձագանքը եղավ Եվրոպական ֆեդերացիայի դրական գնահատականը: Սա շատ ուրախալի է մեզ համար, քանի որ չլինելով վոլեյբոլային մեծ տերություն՝ կարողացանք ամենաբարձր մակարդակով կազմակերպել առաջնությունը՝ մեծ թվով պատվիրակությունների մասնակցությամբ»:
Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը, որը 6 ամիս առաջ էր ձևավորվել, Եվրոպայի երևանյան առաջնության շրջանակում 7 հանդիպում է անցկացրել՝ մրցելով Հունաստանի, Ռումինիայի, Լատվիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Սլովակիայի և Լեհաստանի թիմերի հետ: Կարեն Ասմարյանի խոսքով՝ նմանօրինակ խոշոր միջազգային մրցաշարում միանգամից եզրափակչում հանդես գալը մեծ փորձառություն էր հայ մարզիկների համար:
Հայաստանի թիմում ընդգրկվել էին Արման Դավթյանը, Գոռ Գրիգորյանը, Խաչատուր Խնկոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռաֆայել Շախնազարյանը, Արմեն Մանուկյանը, Ալեքս Ասմարյանը, Համլետ Վարդանյանը, Տիգրան Հակոբյանը, Հայկ Գաբրիելյանը, Արման Վարդանյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Ավագյանը և Ալեքս Հունանյանը:
Առաջնության հանդիպումներն անցկացվել են «Գազպրոմ Արմենիայի» ուսումնախոսքային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում: Առաջնության շրջանակում շուրջ 80 կամավոր է ներգրավվել:
Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությանը մասնակցել են Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատանի վոլեյբոլիստները։