Սպորտ

Բասկետբոլի կանանց Մ18 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն

Հայաստանի բասկետբոլի կանանց և տղամարդկանց Մ18 տարեկանների հավաքականները արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:

Կանանց հավաքականն Անդորրայում անցկացվող առաջնության եզրափակիչ խաղում 63։60 հաշվով զիջել է Վրաստանի թիմին և արժանացել է արծաթե մեդալներին:

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող է դարձել Սեդա Գաբրիելյանը: Նա գրանցել է դաբլ-դաբլ՝ վաստակելով 26 միավոր և կատարելով 21 ռեբաունդ: Նա նաև 6 արդյունավետ փոխանցում է կատարել: Գաբրիելյանն ընդգրկվել է նաև կանանց Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում:

Տղամարդկանց Մ18 տարեկանների հավաքականն Ալբանիայում անցկացվող առաջնությունում 81։77 հաշվով առավելության է հասել Անդորրայի թիմի նկատմամբ և դարձել բրոնզե մեդալակիր:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողներ են դարձել Ռաֆայել Մասումյանն ու Սեբաստիան Հացակորզյանը, որոնք դարձել են դաբլ դաբլի հեղինակ: Մասումյանը վաստակել է 18 միավոր և կատարել 13 ռեբաունդ, իսկ Հացակորզյանը վաստակել է 25 միավոր և կատարել 12 ռեբաունդ:

Հայաստանի հավաքականի խաղացող Սեբաստիան Հացակորզյանն ընդգրկվել է նաև Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում: