Սպորտ

Լապորտան հաստատել է՝ Սուպերլիգայի նախաձեռնությունը բանակցում է ՈւԵՖԱ-ի հետ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ Եվրոպական Սուպերլիգայի նախաձեռնողները և ՈւԵՖԱ-ն սկսել են կառուցողական բանակցություններ՝ եվրոպական ֆուտբոլի ապագան միասին ձևավորելու նպատակով։ Նրա խոսքով, ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինն արդեն նշանակել է բանակցողներ, որոնք կապի մեջ են Սուպերլիգայի գլխավոր տնօրեն Բեռնդ Ռայհարտի և վերջինիս իրավաբանական թիմի հետ։

Լապորտան ընդգծել է, որ երկուստեք բարի կամք են ցուցաբերում, և ինքը շարունակում է ջանքեր գործադրել երկխոսության կամուրջներ ստեղծելու համար։ Նա հիշեցրել է նաև Եվրոպական դատարանի որոշումը, որը, ըստ նրա, աջակցում է Սուպերլիգայի դիրքորոշմանը, սակայն միևնույն ժամանակ շեշտել է, որ ամենակարևորն է ֆուտբոլային աշխարհի միասնությունը։

Լապորտան հավելել է, որ Սուպերլիգայի տեսլականում առաջնահերթ են բաց մրցաշարերը և արժանավայելությունը, իսկ կառավարման հարցում իրատեսական է համարում, որ այդ դերը պետք է հանձնվի Եվրոպական ակումբների միությանը։

Նա նաև ընդգծել է, որ իրենց նպատակը երբեք կոնֆլիկտը չի եղել. «Մենք ցանկանում ենք բարելավել եվրոպական ֆուտբոլը։ ՈւԵՖԱ-ն արդեն կատարել է բարելավումներ՝ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափով, ինչը 20%-ով ավելացրել է եկամուտները»։