Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամները 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Իտալիայի Կաորլե քաղաքում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչմանն արժանացել է 57 կգ քաշային Էրիկ Պապիկյանը՝ եզրափակչում առավելության հասնելով Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տիգրան Կոլոտյանի նկատմամբ։
Պատվո հարթակի երկրորդ աստիճանին է կանգնել նաև 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը:
Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալներ են նվաճել 44 կգ քաշային Արեն Փիրուզյանը, 52 կգ քաշային Արեն Միրզոյանը և 62 կգ քաշային Համլետ Անտոնյանը։ Հայ ըմբիշներից բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն են ստացել նաև Շահեն Մարտիրոսյանը (68 կգ) և Մերուժան Քոչարյանը (85 կգ), որոնք, սակայն, պարտվել են վճռորոշ գոտեմարտերում:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցել են նաև Գոռ Ավետիսյանը (38 կգ), Խաչիկ Թորոսյանը (41 կգ), Նարեկ Դալլաքյանը (44 կգ) և Աշոտ Պետրոսյանը (48 կգ):
Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին: Հայաստանի թիմում ընդգրկված են Վարդան Մելքոնյանը (38 կգ), Վահան Գրիգորյանը, Կարապետ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 41 կգ), Վարդան Սահակյանը (44 կգ), Նարեկ Ալեյանը (48 կգ), Արայիկ Խեմչյանը, Գեղամ Եղիազարյանը (երկուսն էլ՝ 52 կգ), Սամվել Տոնոյանը (57 կգ), Պավել Նազարյանը (62 կգ), Հայկ Կարապետյանը, Արամ Սարգսյանը (68 կգ), Ժորա Սարգսյանը (75 կգ) և Գոռ Խաչատրյանը (85 կգ):