40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սպորտի պատմության մեջ ամենաեկամտաբեր պայմանագիրն է կնքել՝ երկու տարով երկարաձգելով իր աշխատանքային պայմանագիրը «Ալ-Նասրի» ակումբի հետ։
Ըստ պայմանագրի՝ նա տարեկան կվաստակի մոտ 492 միլիոն ֆունտ ստեռլինգ (575.64 միլիոն եվրո): Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Աղբյուրի տվյալներով՝ տարեկան 178 միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձից բացի, Ռոնալդուն կստանա 24.5 միլիոն ֆունտ ստեռլինգ բոնուս, որը կաճի մինչև 38 միլիոն ֆունտ ստեռլինգ, եթե հարձակվողը մնա ակումբում պայմանագրի երկրորդ տարում։ Բացի այդ, Ռոնալդուն այժմ կունենա «Ալ-Նասրի» 15% բաժնետոմսերի 33 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ բաժնեմասը:
Նա կստանա 4 միլիոն ֆունտ ստեռլինգ բոնուս, եթե նվաճի Սաուդյան Արաբիայի առաջնության «Ոսկե խաղակոշիկը», և 8 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ եթե «Ալ-Նասրը» նվաճի գավաթը:
Ռոնալդուն նաև հովանավորչական պայմանագրեր կկնքի սաուդյան ընկերությունների հետ, որոնք կարող են նրան բերել մինչև 60 միլիոն ֆունտ ստեռլինգ եկամուտ։ 40-ամյա ֆուտբոլիստը կունենա 16 աշխատակից՝ երեք վարորդ, չորս սպասուհի, երկու խոհարար, երեք այգեպան և չորս անվտանգության աշխատակից։ Շեշտվում է, որ Ռոնալդուն հնարավորություն կունենա ավելացնել իր եկամուտը՝ շնորհիվ «Ալ-Նասրի» կողմից առաջարկվող այլ բոնուսների, որոնց արդյունքում նա կարող է վաստակել ավելի քան 500 միլիոն ֆունտ ստեռլինգ այս սաուդյան ակումբում երկու տարվա ելույթների ընթացքում։