«Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել են դարպասապահ Նիկիտա Ալեքսեևը, պաշտպան Անտոն Բրատկովը, հարձակվողներ Սերժ Դեբլեն, Ագդոն Մենեզեսը և Թեմուր Ջիկիան, հայտնում է ակումբի լրատվության բաժինը։
Նիկիտա Ալեքսեևն այս տարվա հունվարին էր Եկատերիբուրգի «Ուրալից» վարձակալական հիմունքներով տեղափոխվել «Փյունիկ»։ Ռուս դարպասապահը թիմում մասնակցել է 1 հանդիպման։
Անտոն Բրատկովը «Փյունիկում» հանդես էր գալիս 2021 թվականի հունվարից և մինչ օրս թիմի կազմում անցկացրել է 139 խաղ ու դարձել 2 գոլի հեղինակ։ Ուկրաինացի ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն (2021/22, 2023/24 թթ․)։
Կոտ դ'Իվուարցի փորձառու հարձակվող Սերժ Դեբլեն, ով 3 տարի առաջ կրկին հանդես էր եկել թիմում, 2024 թվականի տարեսկզբին վերադարձել էր «Փյունիկ»։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրած 28 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։ Դեբլեն «Փյունիկի» հետ երկու անգամ՝ 2021/22 և 2023/24 թթ․ մրցաշրջաններում նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը։
32-ամյա հարձակվող Ագդոն Մենեզեսը նախորդ ամռանն էր «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել «Փյունիկ»։ Բրազիլացի ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 31 խաղ և դարձել 6 գոլի հեղինակ։
Թեմուր Ջիկիան այս տարվա հունվարից էր հանդես գալիս թիմում։ Ռուս հարձակվողը «Փյունիկի» կազմում մասնակցել է 12 խաղի ու դարձել 7 գոլի հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և մեր ակումբի գույները պաշտպանելու համար ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում։