Սպորտ

Ռոնալդոն վաճառել է իսպանական «Վալյադոլիդի» իր վերահսկիչ փաթեթը

«Ռեալ Մադրիդի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն վաճառել է իսպանական «Վալյադոլիդի» իր վերահսկիչ փաթեթը, հաղորդում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։ Բրազիլացին ակումբի սեփականատեր էր դարձել 2018 թվականին։

««Վալյադոլիդ» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհրդի նախագահ և մեծամասնական բաժնետեր Ռոնալդու Լուիս Նազարիո դե Լիման հայտարարում է ակումբի մեծամասնական բաժնեմասը հյուսիսամերիկյան ներդրումային խմբին փոխանցելու մասին՝ եվրոպական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Այս նոր փուլը նշող նոր նախագծի մասին լրացուցիչ մանրամասներ կհայտարարվեն առաջիկա օրերին»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։

«Վալյադոլիդն» Իսպանիայի առաջնության աղյուսակում վերջին տեղում է։ Թիմը 37 խաղից հետո վաստակել է 16 միավոր և կորցրել բարձրագույն դիվիզիոնում մնալու հնարավորությունները։