Սպորտ

Ֆուտբոլը արվեստի ձև դարձրած հանճարը հրաժեշտ է տալիս «Ռեալին». Ռամոսը՝ Մոդրիչին

«Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը դիմել է Լուկա Մոդրիչին, ով հայտարարել է «Ռեալից» հեռանալու մասին։

Հիշեցնենք, որ խորվաթ կիսապաշտպանը երեկ հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մադրիդյան ակումբը: 

«Ֆուտբոլը արվեստի ձև դարձրած հանճարը, ընկերը, եղբայրը հրաժեշտ է տալիս «Ռեալին»: Այն ֆուտբոլիստներից մեկը, հանուն որի «Ռեալի» երկրպագուները լցնում են մարզադաշտերը, իսկ ամբողջ աշխարհը սառչում է էկրանների մոտ յուրաքանչյուր խաղի ժամանակ: Ականավոր խաղացող, ֆուտբոլային և մարդկային ակնառու որակների տեր, այն մարդկանցից մեկը, ում ես հպարտորեն անվանում եմ իմ ընկերը:

«Բեռնաբեուի» էկրանները այլևս երբեք չեն վառվի, որպեսզի քեզ ցույց տան խաղադաշտում, բայց դու հավերժ կմնաս «Ռեալի» պատմության դասագրքերում մեծագույն խաղացողների շարքում:

Եղբայր, մենք՝ մադրիդիստներս, կարող ենք քեզ միայն մեկ բառ ասել՝ շնորհակալություն։ Ամենայն բարիք: Վստահ եմ՝ դեռ կհանդիպենք»,- գրել է «Ռեալի» նախկին պաշտպանը, որը հանդես է գալիս «Մոնտերեյում»: