Սպորտ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնություն

Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայից հայտնում են, որ Եվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են ՀՀ: Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ:

Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած է եղել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդական ծրագրերին և ԵՏՀ-ի կողմից աջակցվող ապագա նախագծերին։

Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն` ՀՀ-ում անցկացնելու 2029թ. հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնություն և այլ միջազգային մրցաշարեր, ինչպիսին է BMX Freestyle park առաջնությունը:

Այցի շրջանակներում տեղ է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը։

Քննարկվել են Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրում այդ մարզաձևի զարգացմանն աջակցություն ցուցաբերելու համար և ներկայացրել այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Մասնավորապես նշվել է, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին տրամադրվել են հեծանիվներ:
Էնրիկո Դելա Կասան ևս մեկ անգամ հայտնել է Եվրոպական հեծանվային միության պատրատասկամությունը՝ աջակցություն ցուցաբերելու մեր երկրում հեծանվասպորտի զարգացմանն ու մասսայականացմանը: