Սպորտ

«Հաջողություն եմ մաղթում Ալոնսոյին». Անչելոտի

Կարլո Անչելոտին հաստատել է, որ մայիսի 26-ից կստանձնի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը՝ նախքան «Ռեալ Մադրիդը» պաշտոնապես կհայտարարեր իր հեռանալու մասին։ 

«Մինչ այդ ես մնում եմ «Ռեալի» մարզիչը և ցանկանում եմ այս հիանալի արկածը գեղեցիկ ավարտել։ Այս ակումբի հանդեպ ունեցած հարգանքս ստիպում է լիարժեք կենտրոնանալ վերջին օրերի վրա»,- ասել է իտալացի մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ։

Անչելոտին շեշտել է, որ «Ռեալի» հետ իր հարաբերությունները երբեք չեն վնասվել. «Ոչ մի կոնֆլիկտ չկա և չի էլ եղել։ Ակումբը կհայտարարի իմ հեռանալու մասին այն պահին, երբ ճիշտ կհամարի»։

Մարզիչը ակումբում անցկացրած ժամանակը «հիանալի շրջան» է անվանել. «Երբ եկա «Ռեալ», գիտեի, որ մի օր ավարտվելու է։ Այդ օրը կլինի մայիսի 26-ը։ Վեց տարվա ընթացքում մենք միասին նվաճեցինք 11 տիտղոս։ Սա մի հիշողություն է, որ կմնա ինձ հետ ողջ կյանքում»։

Անչելոտին խոստովանել է, որ որոշ երկրպագուներ կարող են դժգոհ լինել վերջին զարգացումներից, սակայն ինքը ոչնչի համար չի զղջում. «Ֆուտբոլն ու կյանքը կազմված են սկսվող և ավարտվող փուլերից։ Կարևոր է արժանապատիվ ավարտել ամեն ինչ»։

Չավի Ալոնսոյի մասին հարցին Անչելոտին կարճ է պատասխանել. «Նա արդեն ունի այն ամենը, ինչ պետք է հիանալի մարզիչ դառնալու համար։ Խորհուրդ տալու կարիք չկա, պարզապես հաջողություն եմ մաղթում»։